Ներկայացվել են հարկային համակարգում առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները

04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանի մամուլի ասուլիսը՝ հարկային համակարգում առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Ըստ Արման Պողոսյանի՝ ՀՀ տնտեսությունում շահույթները հիմնականում կենտրոնացել են ոչ արտահանելի հատվածում. «Հարկային համակարգում առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակներն են՝ նպաստել ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը, հասարակության եկամուտների արդյունավետ վերաբաշխմանը և հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը»,-ասել է նա:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը ներկայացրել է նաև փոփոխությունների սկզբունքները. 2019թ. պետական բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից չեզոքություն, ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցում, սպառման, գույքային հարկերի գծով հարկային բեռի բարձրացում, հարկային համակարգի պարզեցում, արդարություն, փոփոխությունների հավասարակշռված ձևով իրականացում:

Հարկային համակարգում առաջարկվող հիմնական փոփոխություններն են՝

• 2020թ. հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը,

• շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ,

• վերացնել արտոնագրային հարկի համակարգը,

• անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի,

• նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18%,

• շահաբաժինների հարկման դրույքաչափը 10%-ի փոխարեն սահմանել 5%,

• շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը,

• վերանայել 5 տարուց ավել թողարկման տարեթիվ ունեցող 300 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը,

• վերանայել շահումով խաղերի, տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները. տոտալիզատորների, շահումով խաղերի և ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը հարկել շահութահարկով՝ հարկման բազա համարելով վերջնական ֆինանսական արդյունքը, ազատել ԱԱՀ-ից և տոտալիզատորների միջոցով ստացվող շահումների հարկում եկամտային հարկով,

• ներդնել վիճակախաղերի տոմսերի հաշվառման համակարգ:

«Բարեփոխումները չպետք է վնասեն ՀՀ հարկաբյուջետային կայունությանը: Այս փոփոխությունների արդյունքում լրացուցիչ հարկային եկամուտներ չեն ակնկալվում, սակայն չեն լինելու նաև հարկաբյուջետային կորուստներ»,- նշել է նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը: