ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը Սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքի առավելագույն սահմանաչափի վերաբերյալ

13.11.2019

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները:

Թեև տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական սկզբունքով և ֆինանսական համակարգում առկա են մոտ 50 բանկ և վարկային կազմակերպություն, սակայն որոշ ընկերություններ ակնհայտորեն չարաշահում են որոշ վարկատեսակների գծով իրենց դիրքերը և առաջարկում են երբեմն տարեկան 100%-ից ավել արդյունավետ տոկոսադրույքով վարկեր:

Միևնույն ժամանակ, կարևորելով նաև ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություներից ակնհայտ է դառնում, որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերությունները ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7%, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100%-ի, իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին:

Արդյունքում, առկա է անհրաժեշտություն կարգավորել որոշ ընկերությունների նման գործելաոճը, մասնավորապես ներդնելով սահմանափակումներ սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքների համար:

Հաշվի առնելով ուսումնասիրությունները՝ նշված սահմանափակումները չեն վնասի ֆինանսական համակարգի հուսալիությունը, ռիսկերի վրա հիմնված տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքները, չեն հանգեցնի ընկերությունների միջին ընդունելի շահութաբերության նվազմանը, միևնույն ժամանակ կկարգավորվեն որոշ ընկերությունների գործունեությունը՝ նպաստելով քաղաքացիների պաշտպանությանը սպառողական վարկավորման մասով:

Արդյունքում, առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ: