Ինեկոբանկը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր

12.09.2019

Ինեկոբանկը և «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ինեկոբանկը հանդիսանում է «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավորը։
 
«Ինեկոբանկը կհովանավորի ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019» համաժողովը։ Որպես «WCIT 2019»-ի ինովացիոն հովանավոր, բանկը նպատակ ունի խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը և աջակցել միջազգային տեխնոլոգիական հարթակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Համոզված եմ, որ համաժողովը կստեղծի բարենպաստ նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման համար, կապահովի գործընկերության ընդլայնում և կնպաստի մեր պետության նկատմամաբ հետաքրքրության աճին միջազգային ընկերությունների կողմից» - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։
 
«ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Մեր երկիրը հոկտեմբերին կհյուրընկալի ՏՀՏ հսկաներին ու եղանակ թելադրողներին, ինչը տեղական ընկերությունների համար հրաշալի առիթ է ՏՏ ոլորտի ամենաարդիական թեմաները քննարկելու, նոր կապեր ձեռք բերելու և համաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ իրենց ամենահամարձակ նորարարական լուծումներն իրագործելու համար»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
 
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին և կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակցի՝ շուրջ 70 երկրներից։ «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ» խորագրով համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։