Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում

09.05.2019

Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի  ֆինանսավորմանը: 

Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը: 

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2013 թ-ին: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը: 

«Էներգետիկ և ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր և Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել և շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը», - նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը: