ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2018 թ.-ի տարեկան արդյունքները

11.06.2019

Այսօր` 2019թ. հունիսի 11-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ  բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։  Ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները` ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։  

 Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները, որոնք ուղղված էին ավանդական, ներդրումային և թվային բանկային ծառայությունների համաչափ զարգացմանը։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով  2018 թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկել է բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիան։

2018թ․-ին ռազմավարական ծրագրի համաձայն, փոփոխություններ են կատարվել  մասնաճյուղերի կառավարման ուղղությամբ՝ մասնաճյուղերը բաժանելով  սուպերմարկետների, դասական, առանց կանխիկի աշխատող, ինչպես նաև էլեկտրոնային մասնաճյուղերի։ Դրա հետ մեկտեղ մասնաճյուղերին կից ձևավորվել են հաճախորդների խորհուրդներ, որով նպատակ ենք հետապնդում լսելի դարձնել հաճախորդի ձայնը։  Բանկի համար առաջնային է եղել նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացումը և ոչ տոկոսային եկամուտների կտրուկ ավելացումը։

Անցած տարի թվային բանկինգի  կայացման հիմք դրվեց։ Առաջին փուլը թվային հավելվածի ստեղծումն էր, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տվել  դասական գրեթե բոլոր բանկային ծառայություններից օգտվել թվային միջավայրում՝ առանց բանկ այցելելու։ Տարեվերջին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թվային բանկինգի  օգտագործողների թիվը անցել էր 3000-ը։ 

Ներդրումային բանկը ևս բացառիկ համադրություն է ավանդական բանկի հետ։ Այս ուղղությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  իրականացրել է իր կորպորատիվ հաճախորդ հանդիսացող մի շարք կազմակերպությունների պարտատոմսերի  տեղաբաշխումներ, այդ թվում՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հիփոթեքային արժեթղթավորում։  Բանկը շարունակել է  նաև սեփական դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկումները։ 2018թ․ ընթացքում որպես շուկա ստեղծող (market maker)  ծառայություններ  է մատուցել մոտ մեկ տասնյակ ընկերությունների կողմից թողարկված  արժեթղթերի գծով։ Բանկը ներդրել է նոր պրոդուկտ՝ բարձր հուսալիություն և ներդրումային գրավչություն ունեցող ներդրումային պայուսակների վաճառք՝ ներդրումային հաճախորդներին։   Բացի այդ, ստեղծվել է միջազգային շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը թույլ է տալիս բանկի հաճախորդներին աշխարհի զարգացած երկրների բորսայական հարթակներում կատարել առցանց գործարքներ։

2018թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կատարել է իր առջև դրված  բոլոր խնդիրները` ինչպես որակական,  այնպես էլ թվային առումով: 

  • Ակտիվներ` 2018թ․-ին կազմել է 228,127 մլն ՀՀ դրամ, ինչը 5,8 %-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։
  • Վարկեր` 2018թ․-ին կազմել է 123,109 մլն ՀՀ դրամ, ինչը 4,3 %-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։
  • Պարտավորություններ՝ 2018թ․-ին կազմել է 191,397 մլն ՀՀ դրամ, ինչը 6,0 %-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։
  • Կապիտալ՝ 2018թ․-ին կազմել է 36,729 մլն ՀՀ դրամ, ինչը 4,9  %-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։
  • Զուտ շահույթ` 2018թ․-ին կազմել է 2,227 մլն ՀՀ դրամ, ինչը 10,5 %-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։

2018թ.-ի  մրցանակները․ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին ճանաչեց Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը` հաշվի առնելով Բանկի կողմից իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորագույն տեխնոլոգիաները։

  • Commerzbank AG բանկի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին շնորհվել է «Որակի գերազանցություն»՝ «Excellent STP Quality Award» մրցանակին՝ SWIFT փոխանցումներում գերազանց որակ ապահովելու համար։
  • Միջազգային Cbonds ընկերության կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն ներդրումային բանկ։
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի  կողմից ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ»:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2017/2018»  մրցանակին։
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա 2018» միջազգային մրցանակաբաշխությունում ճանաչվել է Տարվա բանկիր։