ԱՄԵՐԻԿՅԱՆ DWM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏԵՐ

05.03.2019

Այսօր "Ինեկոբանկ" ՓԲԸ-ն հայտարարեց կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ։ Մասնավոր գործարքի արդյունքում  "Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի" (ՎԶԵԲ) և ամերիկյան "Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս" (DWM) ներդրումային ընկերության միջև կնքված համաձայնագրով վերջինս ձեռք է բերում ՎԶԵԲ-ին պատկանող Ինեկաբանկ ՓԲԸ բաժնետոմսերի մի մասը՝ տիրապետելով Բանկի ընդհանուր բաժնետոմսերի 5%-ին։

"Մենք   ողջունում ենք  Բանկի բաժնետերերի կազմում DWM-ի պես հեղինակավոր կառույցին։ Ձեռք բերելով Ինեկոբանկի բաժնետոմսերը՝ DWM ընկերությունը նշում է իր մուտքը հայաստանյան շուկա՝ ընդլայնելով իր ներկայությունը տարածաշրջանում", - նշեց Ինեկոբանկի խորհրդի նախագահ և հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանը։

DWM-ի մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կնպաստի Բանկի ճանաչելիության բարձրացմանը միջազգային շուկաներում և կշարունակի ամրապնդել նրա դիրքերը Հարավային Կովկասի առաջատար բանկերի շարքում։

"Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ նմանօրինակ գործարքն է, որի արդյունքում տեղի է ունենում փոփոխություն բանկի կանոնադրական կապիտալում, ինչը վկայում է ներդրողների կողմից բանկի որդեգրած բիզնես մոդելի, գործընկերային միջավայրի, բանկի ապագայի տեսլականի և ներկայումս կիրառվող կորպորատիվ կառավարման պրակտիկայի հանդեպ մեծ վստահության մասին։ Մենք շարունակելու ենք ներգրավել նոր ներդրողների և ընդլայնել մեր բաժնետերերի կազմը՝ դառնալով առաջատարը Հայաստանի և Հարավային Կովկասի ֆինանսական սեկտորում",- ամփոփեց Ավետիս Բալոյանը։