Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ

09.03.2019

Ամերիաբանկն, ամփոփելով 2018թ. ընթացքում իր ԿՍՊ (Կորպորատիվ սոցիակալան պատասխանատվություն) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ:

Ընթացիկ տարում Բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով և տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը և համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:
Ամերիաբանկը 2017թ-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման` կատարելով 10,1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլրտում` հատկացնելով շուրջ 412 մլն ՀՀ դրամ, և առողջապահության ոլորտում` 320 մլն ՀՀ դրամ:
Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաև դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը:
Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությանը: Հինգ տարի անընդմեջ Բանկի կողմից կազմակերպվել են տարբեր ուղղվածության աճուրդներ՝ Բանկի հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից և ընդհանուր գումարով մոտ 300 մլն ՀՀ դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը:
Ամերիաբանկի աշխատակիցները ևս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում: Միաժամանակ գործում է բարեգործական հաշիվ, որի միջոցներն ուղղվում են բազմապիսի բարեգործական նախագծերի իրականացմանը:
Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր և միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ` հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում:


Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են Բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը և ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր: