11 խորհուրդ անվտանգ օնլայն գնումների համար #Ameriabank

29.11.2019

• Խուսափե'ք անհայտ/տարօրինակ հղումներով օնլայն խանութների կայքերից, օրինակ՝ michаelkorsonlinestore.com, chаrtfull.com, bigsаle70.com և այլն: Պատահական կայքերում մի լրացրեք Ձեր քարտի տվյալները (քարտի համար, վավերականության ամսաթիվ, CVV/CVC կոդ):

• Կատարե'ք գնումներ այն կայքերից, որոնք պաշտպանում են Ձեր տվյալները. նախքան քարտի տվյալները մուտքագրելը և գնում կատարելը ստուգեք, որ կայքի հասցեի դաշտում հասցեն սկսվի https://-ով և կողքն ունենա փոքրիկ կողպեքի նշան: Մի օգտվեք տվյալ կայքից, եթե տեսնում եք “your connection is not secure” գրությունը: 

• Խուսափե'ք տարբեր սոցիալական կայքերում /Facebook, Instagram և այլն/ տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով, կասկածելի առցանց խանութների էջեր, օրինակ` bigsаle70.com

• Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված հղումներով անցնելուց առաջ համոզվեք, որ  այդ հաղորդագրությունը ստացվել է տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցչից:

• Մի' գրանցեք Ձեր քարտի տվյալներն օնլայն խանութների էջերում: Փոխարենը քարտը գրանցեք PayPal համակարգում և վճարումները կատարեք PayPal դրամապանակի միջոցով:

• Գնումներ կատարեք այնպիսի օնլայն խանութներից, որոնք ունեն հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` live chat 24/7:

• Օնլայն գնումներ կատարելիս մի' օգտվեք այլ անձանց կամ հասարակական վայրերում տեղադրված համակարգիչներից: 

• Օնլայն գնումներ կատարելիս մի' օգտվեք հասարակական վայրերում առկա անվճար, առանց գաղտնաբառի WiFi կապից:

• Եթե ունեք գնումների հաշիվներ տարբեր օնլայն խանութներում, գրանցե'ք տարբեր գաղտնաբառեր: Գնում կատարելիս մի' պահպանեք որևէ կայքում Ձեր քարտի տվյալները, լրացուցիչ անվտանգության համար մուտք գործելիս մի' պահպանեք նաև տվյալ համակարգի Ձեր մուտքային տվյալները:

• Համոզվե'ք, որ կայքում առկա են Verified By Visa, Mastercard secure code, Paypal verified պատկերներով հղումներ, որոնք վերահասցեավորվում են համապատասխան ընկերությունների իրական կայքերին:

• Խորհուրդ ենք տալիս օնլայն գնումների համար օգտագործել առանձին քարտ: Մի' օգտագործեք Ձեր վարկային կամ հիմնական օգտագործման քարտերը:

Նյութի աղբյուր՝ Ameriabank